Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Անձեռնմխելիության ինդուլգենցիա

Անձեռնմխելիության ինդուլգենցիա
10.10.2019 | 11:03

Լավ, ինչքան ենք խաղալու այս խաղը: Օրը մեկը գտնվում է, որ հայտարարի՝ այս նախարարին պաշտոնանկ են արել, այն նախարարը հրաժարական է տվել: Չգիտես ինչու՝ սադրանքի մեղքը գցում են համացանցի կամ լրատվամիջոցների վրա: Իրականում նրանք սոսկ պատվեր կատարող են, որ չի նվազեցնում բարոյական ու իրավական պատասխանատվությունը, բայց և տեղեկատվության ազատության անվան տակ հմուտ պաշտպանում է տեղեկատվական պատերազմը: Հոկտեմբերի 9-ին համացանցում կայքերից մեկը տարածեց տեղեկություն, թե պաշտոնանկ է արվել ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը և շուտով պաշտոնապես կհաստատվի: Իհարկե, չհաստատվեց: Լուրն «անհեթեթություն» որակեց վարչապետը, ում լրագրողները այդ պահին գտան: Կայքերից մեկն էլ աշխատանքից «ազատել» էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Ստացվում է՝ թիրախում են առանցքային նախարարները՝ ՊՆ և ԱԳՆ: Ինչու՞: Ու՞մ է ձեռնտու պարբերաբար երկու նախարարությունները դնել ֆորսմաժորային վիճակի մեջ՝ անձեռնմխելության ինդուլգենցիա տալով շատ ավելի ցածր կամ մինուսային վարկանիշով նախարարներին, որ պաշտպանված են ՔՊ-ի «յուրայինի» սաղավարտով:


Դավիթ Տոնոյանին լրատվամիջոցները սկսեցին պաշտոնազրկել, երբ պաշտոնանկվեցին ԱԱԾ և ոստիկանության պետերը: Այն ժամանակ պատճառ էլ գտնվեց՝ ՊՆ նախարարը մտահոգություն էր հայտնել Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ: Վերջին «պաշտոնանկությունը» պատճառ չուներ, ու դա ակնհայտ է դարձնում մեր բոլորի անպաշտպանությունը տեղեկատվական հիբրիդային պատերազմից, որ ազգային անվտանգության հարց է: Միջազգային մամուլին հետևողները կհաստատեն, որ զուգահեռ ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվում են լուրեր ՊՆ նախարար Զաքիր Հասանովի ու ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մոտալուտ պաշտոնանկության մասին, նույնիսկ մանրամասներով՝ Մամեդյարովն արդեն հրաժարական է տվել, մնում է Ալիևը ընդունի, Հասանովին չի ներվել վերջին ձախողումը, և այլն, և այլն: Երբ կոնֆլիկտի երկու կողմերում զուգահեռ լուրեր են շրջանառվում, մնում է մտածել, որ կա երրորդ կողմ, որ հայելային գործում է իրեն հայտնի հարցի լուծման համար: Խնդիրն այն չէ միայն, որ Հայաստանը դե ֆակտո պատերազմական իրավիճակում է, և չափազանց վտանգավոր է ՊՆ նախարարի վերաբերյալ ապատեղեկատվությունը, որ կազմալուծում է բանակը ու ստեղծում անկառավարելի իրավիճակի հնարավորություն, կասկածի տակ դնում նրա հեղինակությունը և վարկը: Սա բացահայտ սադրանք է, որ զուգորդվում է դրսի ու ներսի որոշակի խմբերի շահերի համադրումով: Ու այդ շահը հակապետական է: Խնդիրը նախարարի անձը չէ, խնդիրը երևույթն է: Դավիթ Տոնոյանը իր պաշտոնավարման ընթացքում հասցրել է դառնալ բանակի «մարդ»՝ նրան իբրև յուրային են ընդունել սպայական կազմն ու զինվորը: Եվ նրան հենց այնպես պաշտոնանկել՝ առանց կոնկրետ պատճառի՝ հղում անելով ազգային անվտանգության նկատառումներով գաղտնիության վրա, անհեթեթ է: Առավելևս, որ չկա համարժեք փոխարնող, որ նույնքան ընդունված լինի և Արևմուտքում, և Ռուսաստանում, այդքան աշխատած լինի միջազգային կառույցներում ու պետական համակարգում:


Նույն իրավիճակն է ԱԳ նախարարի դեպքում: Զոհրաբ Մնացականյանը մեղավոր չէ, որ Հայաստանի Հանրապետությունը չունի հոդաբաշխ ու հետևողական արտաքին քաղաքականություն: Որ ՀՀ վարչապետը պարբերաբար անում է ոչ դիվանագիտական հայտարարություններ, հետո ԱԳՆ-ի առաջ խնդիր դնում՝ միջազգային ասպարեզում մեկնաբանել, թե ինչ էր ուզում ասել, բայց ինչ ասաց: Առավելևս՝ ինչ ասացին վարչապետի հայտարարությունների մասին ուրիշները նույն այդ միջազգային ասպարեզում: ԱԳ նախարարը վարչապետի իմիջմեյքերը չէ, նա պետության իմիջմեյքերն է: Եվ այնպես էլ չէ, որ վարչապետը ԱԳ նախարարի հետ համաձայնեցնում է պետության քաղաքականությունը, որ բարձրաձայնվում է իր հայտարարություններով: Մասնավորապես՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կտրուկ բնորոշումները ՀՀ վարչապետի արցախյան թեմայով ռեֆրեններին, արտահայտում էին ոչ նրա անձնական տեսակետները, այլ՝ ՌԴ արտաքին քաղաքականությունը: Համենայն դեպս, Լավրովը «պարզեց», որ «ԼՂՀ բանակցային գործընթացը մտել է փակուղի»՝ ՌԴ նախագահի Երևան այցից հետո, իսկ Պուտինին Երևանում Մնացականյանը չի հանդիպել, Փաշինյանն է հանդիպել, ուստի բոլոր հարցերը պետք է նրան ուղղել: Ոչ Զոհրաբ Մնացականյանը, ոչ որևէ մեկը չի կարող փոխել ՌԴ տեսակետը, որ ուղղորդվում է ՌԴ պետական շահով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հայաստանում ստեղծվել է պարարտ հող, որի մեջ ամեն օր ընկնում են պաշտոնանկությունների ու ձերբակալությունների հունդերը ու ծլարձակում, որովհետև դա է իշխանության վարած քաղաքականությունը: Քաղաքականություն, որ ներծծված է պոպուլիզմով և բացահայտորեն տանուլ է տալիս քարոզչության ու հակաքարոզչության մեջ՝ փակված իր փղոսկրե դղյակում, որտեղ ընդունված որոշումները շատ արագ պարուրվեցին գաղտնիության հանդերձներով, մոռացած, որ Հայաստանում իշխանությունը իբր ժողովուրդն է:

Դիտվել է՝ 4076

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ